Մերի Խաչատրյան. «Հայաստանին անհրաժեշտ է փախստականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող առանձին պետական մարմին»

Հայ փախստականները միշտ խոցելի են

Գայանե Մովսեսյան

«Ռեսպուբլիկա Արմենիա»-ի զրուցակիցն է «Ա. Դ. Սախարովի անվան հայկական մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Մերի Խաչատրյանը:

— Սախարովի կենտրոնը հիմնադրվել է դեռևս 1990 թվականի հոկտեմբերին: Այն ստեղծվել էր որպես Ա. Դ. Սախարովի անվան հայկական առաջադիմության, մարդու իրավունքների պաշտպանության և գթության հիմնադրամ: Այդ ժամանակահատվածը համընկավ 1988-92 թթ. Ադրբեջանում հայ բնակչության դեմ իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանության հետ: Երբ Ադրբեջանից արտաքսված մեր հայրենակիցները եկան Հայաստան, Հիմնադրամը նրանց տրամադրեց սոցիալական և ֆինանսական մեծ օգնություն՝ հիմնականում միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի աջակցությամբ՝ իրականացնելով փոքր դրամաշնորհային ծրագրեր: 1997 թվականին մեր կազմակերպությունը գրանցվեց որպես հասարակական կազմակերպություն և շարունակում է նույն առաքելությունը նույն շահառուների հետ՝ զարգացնելով ու կատարելագործելով իր գործունեությունը, որպեսզի որևէ կերպ մեղմի փախստականների վիճակը:

Որպես հասարակական կազմակերպություն՝ մենք սկսեցինք աշխատել իրավական դաշտում: Մենք ոչ միայն անվճար իրավաբանական օգնություն էինք տրամադրում փախստականներին, այլև աջակցում էինք նրանց, մասնակցում օրենսդրական ակտերի մշակմանը, ներկայացնում օրինագծերի վերաբերյալ առաջարկներ: Շեշտում ենք, որ մեզ ինչ-որ կերպ հաջողվեց Ադրբեջանից եկած հայ փախստականների խնդիրները բերել օրենսդրական դաշտ:

1998 թվականից սկսած, ՀՀ արտաքին գործերի նախարարության առաջարկով և ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցությամբ, Սախարովի կենտրոնը նախաձեռնեց Ադրբեջանից եկած հայ փախստականների անունից շուրջ 13,000 նամակ-դիմումների ուղարկումը Ժնև՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե՝ կապված Ադրբեջանից բռնի տեղահանման ժամանակ նրանց նկատմամբ կիրառված բռնությունների և վայրագությունների, ինչպես նաև բռնագրավված անշարժ գույքի և սեփականության փոխհատուցման հարցի հետ: Մենք դիմեցինք նաև այն հինգ երկրների արտաքին գործերի նախարարներին, որոնց ներկայացուցիչներն այն ժամանակ ընդգրկված էին ՄԱԿ-ի «1503 բողոքների» վերանայման հանձնաժողովում: Այս դիմումները երկու տարի քննարկվել են կուլիսների հետևում, սակայն որևէ որոշում չի կայացվել: Սախարովի կենտրոնի նախկին տնօրեն Լևոն Ներսիսյանը մասնակցել է մինչև 2000 թվականը Ժնևում կայացած համաժողովին: Այնտեղ նա հետաքրքրվել էր այդ դիմումների ճակատագրով, թե քննարկման որ փուլում են դրանք, ինչ որոշումներ սպասել: Այդ ժամանակ 3-4 երկրների ներկայացուցիչներ ասել էին, որ դիմումները քննարկվում են, բայց հարցն ունի քաղաքական երանգավորում: Ըստ ամենայնի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն չէր ցանկանում իր վրա վերցնել այս հարցի քննարկումը: Արդեն գոյություն ուներ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում փորձում էին գտնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորում…

— Ի՞նչ եղան այդ դիմումները:

— Դրանք մնացին այնտեղ: Լևոն Ներսիսյանը տեսել էր այդ դիմումները՝ կոմիտեի հատակին փռված:

— Դրանք չէի՞ն թվայնացվել:

— Ցավոք, 1997-98 թթ. Կենտրոնը չուներ տեխնիկական հնարավորություն այդ դիմումները թվայնացնելու համար: Հետևաբար, մենք դրանք էլեկտրոնային տարբերակով չպահպանեցինք: Կարծում եմ՝ դա արվել է Կոմիտեում:

— Ինչո՞ւ Հայաստանը որոշակի պահի դադարեց փախստականի կարգավիճակ տալ Ադրբեջանից եկածներին և սկսեց նրանց ինտեգրել:

— Այդ ժամանակ Հայաստանը սկսեց փախստականների ինտեգրումը ոչ թե կրթության միջոցով, այլ նպատակահարմար գտավ սկսել բնականացումը (նատուրալիզացիա), որը նույնպես համարվում է փախստականների ինտեգրման տարրերից մեկը: Այլ կերպ ասած՝ նախաձեռնվեց փախստականների կողմից ՀՀ քաղաքացիություն ընդունելու գործընթացը: Մեր կազմակերպությունը դեմ էր փախստականներին այս քայլին պարտադրելուն: Պարտադրանքն այն էր, որ փախստականներին խոստանում էին բնակարան տրամադրել, եթե նրանք ընդունեին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Բնականաբար, բնակարանի կարիք ունեցող փախստականները գայթակղվեցին դրանով: Գործնականում ոչ բոլորն ապահովվեցին բնակարանով: Իսկ հետո շատերը արտագաղթեցին: Շատ փախստականներ ընդունեցին ՀՀ քաղաքացիություն՝ երկրից հեշտությամբ հեռանալու, Շենգենյան վիզա ստանալու և այլ նպատակներով, և արդեն այլ երկրներում, օգտագործելով իրենց ծննդյան վկայականները, ստացան որոշակի կարգավիճակ:

Մեր Կենտրոնը, որը մասնաճյուղեր ունի Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, աջակցել է փախստականներին բնականացման հարցում. տվել է խորհրդատվություն, վերականգնել փաստաթղթեր, հայտնաբերել երեխաների չգրանցված ծնունդներ ոչ միայն փախստականների, այլև սահմանամերձ գյուղերի տեղացի բնակիչների շրջանում: Այս աշխատանքի ընթացքում բազմաթիվ խնդիրներ ի հայտ եկան: Երբ սկսվեց փախստականներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացը, մեր կազմակերպությունը կրկին օգնեց նրանց իրավաբանորեն ձևակերպել իրենց դիմումները, բողոքները և այլն: Այդ ընթացքում, իհարկե, մենք արձանագրում էինք խախտումներ: Թեև Կենտրոնը համաձայն չէր բնականացման քաղաքականությանը, այն մասնակցում էր դրան, որպեսզի գործընթացն ընթանա առանց խախտումների, որպեսզի նրանք հասկանան ՀՀ քաղաքացիություն ընդունելու բոլոր նրբությունները: Մենք հրատարակել ենք հատուկ բրոշյուրներ, որոնցում ներկայացրել ենք, թե ինչ իրավունքներ և պարտականություններ կունենան փախստականները ՀՀ քաղաքացիություն ընդունելու դեպքում, որոնք են դրա դրական և բացասական կողմերը…

Իսկ 2005-2006 թվականներից հետո «փախստականներ» տերմինը պարզապես անհետացավ պետական կառույցի անվանումից. ՀՀ կառավարությանն առընթեր Միգրացիայի և փախստականների վարչությունը վերածվեց Միգրացիոն վարչության, որին վերապահվեց նաև փախստականներից բխող հարցերով զբաղվելու պատասխանատվությունը: Իհարկե, այս վարչությունն ունի Ադրբեջանից եկած հայ փախստականների հսկայական տվյալների բազա: Այնտեղ կարելի է պարզել, թե քանի փախստական է եկել Հայաստան 1988-92 թթ. (ավելի քան 360 հազար): Սակայն պարզ է, որ նրանց թիվը տարեցտարի նվազում է: Պատերազմները, համաճարակները և այլն նպաստել են դրան: Հատկապես, որ փախստականների սոցիալական հարցերը չեն լուծվել: Եվ այսօր բազմաթիվ փախստականներ ապրում են հանրակացարաններում, նրանք ունեն շատ բարդ խնդիրներ, որոնք չեն լուծվել…

— Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը, 2001 թվականին ստեղծելով Պետական նավթային հիմնադրամը, հրամանագրի առաջին կետում նշել էր, որ Հայաստանից արտաքսված փախստականների քաղաքական կարգավիճակը մնում է ուժի մեջ մինչև նրանց վերադարձը հայրենի հողեր:

— Այդ տարիներին մենք և մի շարք այլ հասարակական կազմակերպություններ առաջարկում էինք, որ ՀՀ քաղաքացիություն ստացող փախստականներին տրվի վկայական այն մասին, որ նրանք շարունակում են մնալ փախստական և պետք է նշվի, թե որտեղից, որ թվականին և ինչ պատճառով են բռնի տեղահանվել: Սա արդիական է նաև այսօր այն արցախցիների համար, ովքեր փախստական դարձան 2020 թվականի աշնանը Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ: Նրանք կանգնած են կարգավիճակի նույն խնդրի առաջ՝ կա՛մ փախստական, կա՛մ ՀՀ քաղաքացի, քանի որ ունեն հայկական անձնագրեր: Հարցը կարող է լուծվել, եթե պետությունը ցուցաբերի քաղաքական կամք և համապատասխան վկայականներում ամրագրի, թե որտեղ, երբ և ինչու են այս մարդիկ հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում:

— 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը նախատեսում է տեղահանվածների և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո: Ադրբեջանը թույլ չի տալիս ՄԱԿ ՓԳՀ-ին մուտք գործել Արցախ: Արդյո՞ք նրանք որևէ բան անում են Հայաստանում:

— Անկեղծ ասած, ես չգիտեմ՝ արդյոք ՄԱԿ ՓԳՀ-ն որևէ քայլ ձեռնարկո՞ւմ է արցախցիներին իրենց բնակության վայրեր, մասնավորապես՝ Շուշի և Հադրութ վերադարձնելու ուղղությամբ: Արցախցիների վերադարձի իրավունքը չի կարող իրականացվել: Այսօր նույնիսկ հնարավոր չէ հիվանդներին Արցախից Հայաստան տեղափոխել առանց Միջազգային Կարմիր Խաչի: Իհարկե, անվտանգությունն առաջնահերթություն է: Ո՞վ և ինչպե՞ս է ապահովելու նրանց անվտանգությունն այնտեղ, երբ Բաքվից պարբերաբար հնչում են հերթական ցեղասպանության սպառնալիքներ:

— Ես հասկանում եմ, որ նրանք չեն վերադառնա, քանի դեռ այդ տարածքները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Պարզապես ցանկանում էի իմանալ՝ արդյոք ՄԱԿ ՓԳՀ-ն որևէ աշխատանք տանո՞ւմ է այս փախստականների հետ:

— Ես տեղեկություն չունեմ: Այս փուլում ՄԱԿ-ը դեռևս ակտիվ չէ այս հարցում: Նրանք հավանաբար հետևում են, թե ինչ քաղաքականություն կվարեն ՀՀ իշխանությունները: Ամեն դեպքում, վերադարձի մասին խոսելը դեռ վաղ է: Այսօր ավելի կարևոր է լուծել նրանց կարգավիճակի հարցը: Նրանք ունեն բազմաթիվ սոցիալական և իրավաբանական խնդիրներ: Չեն կարողանում նորմալ աշխատանք գտնել, վարկեր վերցնել, հիպոթեք ձևակերպել: Ունեն հայկական անձնագիր, իսկ ծննդավայրը և հաշվառումը նշված է, ասենք, Շուշիում: 215 փախստականների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ նրանց մեծ մասը չի կարողանում աշխատանք գտնել Հայաստանում. բացի նշված պատճառներից, կա նաև լեզվական արգելքը և այլն: Այն գումարը, որը կառավարությունը հատկացնում է նրանց բնակարանի համար, չափազանց քիչ է: Փախստականները պատրաստ են վարկեր վերցնել, հիպոթեքային վարկեր, բայց բանկերը նրանց չեն տալիս: Կարծում եմ, որ այս հարցը պետական մոտեցման կարիք ունի: Առաջարկում եմ կառավարությանն այս հարցը դնել իր օրակարգում, իսկ Կենտրոնական բանկին՝ այլ բանկերի հետ միասին, մշակել հատուկ քաղաքականություն մարդկանց այս խմբի նկատմամբ:

Ամենակարևորն այն է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները գիտակցեն, որ Ադրբեջանից, Արցախից և այլ երկրներից Հայաստան եկած մեր հայրենակիցները միշտ խոցելի վիճակում են: Հայաստանը պետք է ունենա փախստականների իրավունքների պաշտպանության պետական մարմին, որը կիրականացնի պետական քաղաքականություն: Դա պետք է լինի հատուկ մարմին, որը կցված չի լինի որևէ այլ կառույցի: Դա պետք է լինի առանձին նախարարություն: Ժամանակին իշխանություններն օպտիմալացրեցին Սփյուռքի նախարարությունը և նշանակեցին գլխավոր հանձնակատար: Այս նախարարությունը պետք է աջակցեր աշխարհով մեկ սփռված հայերի պահպանմանը: Այն չպետք է օպտիմալացվեր այնպես, որ իր կատարած աշխատանքը կարողանային անել հասարակական կազմակերպությունները: Իրավական տեսանկյունից պետականամետ կառավարությունը պետք է հասկանա, որ պետք է ունենա Սփյուռքի և Փախստականների իրավունքների պաշտպանության նախարարություններ, որոնք հասարակական կազմակերպությունների աջակցությամբ և մասնակցությամբ կմշակեն պետական հայեցակարգ, ռազմավարություն և քաղաքականություն:

Հեղինակի կողմից. ՄԱԿ ՓԳՀ-ի՝ հայ փախստականների հետ տարվող աշխատանքի կամ դրա բացակայության վերաբերյալ ցանկանում եմ հիշեցնել հետևյալը. 2009 թվականին Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը հայտարարեց, որ Ադրբեջանի կառավարությունը փախստականների աջակցության ծրագրից անցել է Փախստականների զարգացման և վերականգնման ծրագրին, որի նպատակն է նախապատրաստվել «Մեծ վերադարձին», որը մշակվել է միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության մասնակցությամբ և քայլ առ քայլ կիրականացվի, եթե ստորագրվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղության պայմանագիրը: Այս տողերի հեղինակի հետ զրույցում ՄԱԿ ՓԳՀ երևանյան գրասենյակի ղեկավարը հերքեց ՄԱԿ-ի մասնակցությունը ադրբեջանական «Մեծ վերադարձ» ծրագրի նախապատրաստմանը: Սակայն Հասանովի խոսքերի պաշտոնական հերքում չեղավ: Այս հարցում միջազգային կառույցներն այսօր ակտիվորեն աշխատում են Ադրբեջանի հետ, որը ձգտում է ադրբեջանցիներով բնակեցնել ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը: Բայց սա առանձին հոդվածի թեմա է:

Ամբողջական հոդվածն այստեղ՝ https://www.ra.am/archives/88628/?fbclid=IwAR099vIL3zIM2SDhDMEIhbauxZ66kr1C-OjIfuoSeMz-udCdazNJD08K9jM