Պատմական ակնարկ

«Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն), որը հանդիսանում է 1990թ. հոկտեմբերի 9-ին հիմնադրված «Սախարովի անվան հայկական բարեգործական, մարդու իրավունքների պաշտպանության և առաջադիմության հիմնադրամի» իրավահաջորդը, անկախ, ապաքաղաքական և ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է։

Կազմակերպությունը՝ որպես հասարակական կազմակերպություն, գրանցվել է 1997թ. դեկտեմբերի 26-ին (գրանցման վկայական թիվ 414), վերագրանցվել է 2000թ. հունվարի 21-ին (հրաման թիվ 167), այնուհետև՝ 2006թ. հուլիսի 14-ին (թիվ 211.171.04085), իսկ 2017թ. դեկտեմբերի 12-ին գրանցվել է Կազմակերպության կանոնադրության նոր խմբագրությունը։

Կազմակերպությունն ունի երեք տարածքային մասնաճյուղեր՝ Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում՝ համապատասխանաբար Գյումրի, Գավառ և Գորիս քաղաքներում։ Շիրակի և Գեղարքունիքի մարզային մասնաճյուղերը հիմնադրվել են 1996թ.-ին, իսկ Սյունիքի մասնաճյուղը՝ 1997թ.-ին։

1995թ.-ից ի վեր Կազմակերպությունն իրականացրել է շուրջ 40 դրամաշնորհային ծրագիր։

1995թ.-ին Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում հիմնադրեց առաջին անկախ դիտորդական ինստիտուտը՝ ընտրական գործընթացների մշտադիտարկման նպատակով։ Մեկ ամսվա ընթացքում այն վերապատրաստեց ավելի քան 1500 տեղական դիտորդների։

1998թ.-ից սկսած, ՀՀ արտաքին գործերի նախարարության խնդրանքով, Կազմակերպությունը կազմակերպել է 1988-1992թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված և Հայաստանում փախստականի կարգավիճակ ստացած մեր հայրենակիցների անունից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե (Ժնև, Շվեյցարիա) ուղղված դիմումների հոսքը (ավելի քան 13 հազար նամակ-դիմում)։ Դիմումները վերաբերում էին բռնի տեղահանման ժամանակ նրանց նկատմամբ կիրառված բռնություններին ու վայրագություններին, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի կորստին։ Կազմակերպությունը դիմել է նաև այն հինգ պետությունների արտգործնախարարներին, որոնց դիվանագետներն ընդգրկված էին ՄԱԿ-ի «1503 ընթացակարգի» փորձագիտական խմբում՝ բարձրացված հարցերի էությանը ծանոթացնելու և լուծումներ տալու նպատակով։

1994-2005թթ. Կազմակերպությունը դարձել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ/UNHCR) գործընկերը Հայաստանում և յոթ տարի շարունակ անվճար իրավաբանական ու նյութական աջակցություն է ցուցաբերել Երևանում և 120 գյուղական համայնքներում բնակվող փախստականներին։

2004թ.-ից սկսած Կազմակերպությունն իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի դրամաշնորհային ծրագրեր Երևանում և ՀՀ երեք մարզերում (Շիրակ, Գեղարքունիք, Սյունիք)։ Իր կողմից հիմնադրված «Քաղաքացիական հասարակության դպրոցի» շրջանակներում Կազմակերպությունը տարածքային մասնաճյուղերում կազմակերպում է ոչ ֆորմալ դասընթացներ տեղական հասարակական կազմակերպությունների (ՀԿ), տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև լրագրողների, ուսանողների և բարձր դասարանցիների համար։

2009-2024թթ. Կազմակերպությունը նաև իրականացրել է ենթադրամաշնորհային ծրագրեր ՀՀ երեք մարզերում՝ տրամադրելով փոքր դրամաշնորհներ տեղական ՀԿ-ներին՝ նպաստելով նրանց զարգացմանն ու ակտիվացմանը։

2020թ. կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից ելնելով՝ Կազմակերպությունը, ստանալով իր դոնոր կազմակերպության (Brot für die Welt) համաձայնությունը, դրամաշնորհային ծրագրի խնայողություններից իրականացրել է մարդասիրական օգնություն։ Շուրջ 16,000,000 (տասնվեց միլիոն) ՀՀ դրամի սննդի և հիգիենայի փաթեթներ են տրամադրվել Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի գրեթե 900 կարիքավոր ընտանիքների։

Կազմակերպությունը շարունակում է նույն եռանդով և հաջողությամբ իրականացնել մեծ ու փոքր դրամաշնորհային ծրագրեր, որոնցից օգտվում են ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլև Հայաստանի տարածքում և դրանից դուրս գտնվող այլ քաղաքացիներ ու օտարերկրացիներ։ Նրանք ստանում են անվճար որակյալ իրավաբանական ծառայություններ, ինչի շնորհիվ շատերին հաջողվում է վերականգնել իրենց խախտված իրավունքները։