Հունիսի 30-ին Աշոցքի համայնքային գրադարանում տեղի ունեցավ հանրային քննարկում (Town-Hall)՝ «Աշոցք համայնքի հասարակական տրանսպորտի առկա վիճակը և բարելավման ուղիները» թեմայով։
Քննարկմանը մասնակցեցին համայնքապետարանի և ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ, գործարարներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ և բնակիչներ։ Բարձրաձայնվեց, որ Աշոցքի խոշորացված համայնքում հատկապես սահմանափակ և խնդիրներով է հանրային տրանսպորտի հասանելիությունը․ ձմռան ամիսներին իրավիճակը ավելի է սրվում, իսկ հեռավոր գյուղերում ուղևորահոսքի պակասի պատճառով կանոնավոր երթուղիներ գրեթե չեն գործում։
Մասնակիցները նշեցին նաև տրանսպորտային միջոցների հնամաշ վիճակը, անկանոն գրաֆիկը և ծառայության որակի խնդիրները՝ ընդգծելով, որ այս ամենը բացասաբար է ազդում կրթության, աշխատանքի և սոցիալական շարժունակության վրա։
Մասնավոր փոխադրողները իրենց հերթին ներկայացրեցին տնտեսական դժվարությունները՝ նշելով, որ որոշ երթուղիներ շահութաբեր են միայն օրվա սահմանափակ ժամերին, իսկ մնացած ժամանակները վնասով են աշխատում։
Քննարկման ընթացքում առաջարկվեցին լուծումներ՝ հանրային տրանսպորտի հստակ գրաֆիկների սահմանում, համայնքային և պետական սուբսիդավորման մոդելների կիրառում, փոքր բարձր անցողունակությամբ մեքենաների ներգրավում և ծառայությունների արդիականացում։ Նշվեց նաևփոփոխվող և պահանջարկի վրա հիմնված երթուղիների ներդրման անհրաժեշտությունը։
Հանդիպման ավարտին որոշվեց բոլոր առաջարկները ամփոփել և պաշտոնական ձևով ներկայացնել Շիրակի մարզպետարան և համայնքապետարան՝ հետագա քաղաքականությունների մշակման նպատակով։
Միաժամանակ ընդգծվեց, որ Աշոցքի և հարակից համայնքների տրանսպորտային խնդիրները համակարգային են և պահանջում են երկարաժամկետ, համապարփակ մոտեցումներ՝ հաշվի առնելով լեռնային պայմանները, կլիմայական առանձնահատկությունները և բնակավայրերի հեռավորությունը։
Հանդիպումը կազմակերպվել էր Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի կողմից՝ UDF-23-988-ARM դրամաշնորհային ծրագրի շրջանակում։








