Օրենսդրական բացեր առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգում․ ՀԿ-ի առաջարկները ՀՀ վարչապետին

«Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրառման վերաբերյալ իր դիտարկումներն է ուղարկել ՀՀ վարչապետին։ Կազմակերպության դիտարկմամբ՝ գործող կարգավորումները լուրջ ֆինանսական բեռ են ստեղծում աշխատանքը կորցրած կամ ժամանակավորապես եկամուտ չունեցող քաղաքացիների համար։ Նամակում ներկայացվել են հստակ առաջարկություններ՝ օրենսդրական փոփոխություններով եկամուտ չունեցող անձանց պարտադիր ապահովագրավճարներից ազատելու և համակարգը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սկզբունքներին համապատասխանեցնելու վերաբերյալ։

Ստորև ներկայացնում ենք պաշտոնական նամակի ամբողջական տեքստը․

Ողջունելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում վերջապես ներդրվել է երկար սպասված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որի շահառուն ներկայումս հանդիսանում է միայն որոշակի խմբի անձանց շրջանակը, այնուամենայնիվ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գործող Օրենքն ու դրանից բխող իրավական ակտերը դեռևս չեն տալիս մի շարք գործնական և իրավական հարցերի պատասխաններ։Կարծում ենք, որ ՀՀ կառավարությունը (Առողջապահության նախարարության միջոցով) պետք է հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ և Ազգային ժողով ներկայացնի լրացումներ և փոփոխություններ Օրենքում՝ վերոնշյալ հարցերը հստակեցնելու նպատակով։

Հարցի էությունը հետևյալն է Օրենքով սահմանվել են ապահովագրավճար վճարողների հստակ շրջանակը, դրույքաչափերն ու վճարման ժամկետները։ Ըստ Օրենքի՝ 2026 թվականի հունվարից առողջության ապահովագրությունը պարտադիր է բոլոր այն աշխատող անձանց համար, որոնց աշխատավարձը գերազանցում է 200,000 ՀՀ դրամը, ինչպես նաև այն անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար, որոնց համախառն եկամուտը գերազանցում է 2,400,000 ՀՀ դրամը։ Սակայն եթե այս անձը Օրենքով առաջին անգամ ներառվել է ապահովագրության համակարգում և որոշակի ժամանակ անց դարձել է գործազուրկ, ապա նա շարունակելու է ինքնուրույն վճարել ապահովագրավճարը։

Ըստ նախարարության իրազեկման թերթիկի՝ վերոնշյալ հարցի վերաբերյալ նշված է, որ գործազուրկ դարձած քաղաքացին հաշվառվում է ժամանակավոր անաշխատունակության համակարգում, որտեղից որոշ ժամանակ ստանում է որոշակի գումար, և այդ ամիսներին ևս պարտավոր է վճարել ապահովագրավճարը։ Այսինքն՝ մեկ անգամ համակարգում ներառվելով՝ անձը մնում է համակարգում 12 ամիս՝ անկախ նրանից, թե այդ ժամանակահատվածում համապատասխանում է արդյոք ներառման պահանջներին։

Բացի այդ, նախարարության իրազեկման թերթիկում նշված է, որ եթե ապահովագրավճարը չի վճարվում, ապա տվյալ անձի ապահովագրության փաթեթը կասեցվում է։ Սակայն Օրենքում նման դրույթ սահմանված չէ, և հստակեցված չեն նաև ինքնուրույն ապահովագրավճար վճարող անձի կողմից պարտավորությունը չկատարելու հետևանքները։

Միևնույն ժամանակ, հարց է առաջանում՝ արդյո՞ք նախարարության պարզաբանումները (իրազեկման թերթիկը) բավարար են քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորման համար։ Կարծում ենք՝ ոչ, քանի որ նման հարաբերությունների կարգավորումը ենթադրում է օրենքով կամ նորմատիվ այլ իրավական ակտերով հստակ սահմանում։

Ակնհայտ է, որ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման նպատակներն են՝ ապահովել հավասար և որակյալ բժշկական ծառայություններ, նվազեցնել քաղաքացիների ֆինանսական բեռը, բարձրացնել առողջապահական ծախսերի արդյունավետությունը, ինչպես նաև նպաստել հիվանդությունների վաղ ախտորոշմանն ու կանխարգելմանը։ Սակայն մտահոգիչ է մնում այն հարցը, որ երբ վարձու աշխատողը դադարեցնում է աշխատանքային հարաբերությունները և չի դասվում պետության կողմից ապահովագրվող խմբերին, չի հանդիսանում ինքնազբաղված կամ անհատ ձեռնարկատեր, ապա շարունակում է մնալ ինքնուրույն ապահովագրավճար վճարող։

Օրենքը չի պատասխանում այն հարցին, որ եթե անձը այդ կարգավիճակում իր ապահովագրավճարը չի վճարում, ապա արդյո՞ք նրա այդ պարտավորությունը «կուտակվում է» մինչև նոր աշխատանքային հարաբերությունների առաջացումը, թե ոչ։ Ավելին, անհասկանալի է, թե ինչ ճակատագիր է սպասվում այդ անձին՝ արդյո՞ք հնարավոր է տվյալ անձի անձնական գույքի բռնագրավում։ Սա, մեր համոզմամբ, աբսուրդ է․ պետությունը փաստորեն Օրենքի միջոցով խոցելի կարգավիճակում գտնվող անձին տանում է հարկադիր սնանկացման կամ նրան «հարկադրում է» մտնել անհարկի վարկային բեռի տակ։

Այս իրավական անորոշությունը հանգեցնում է անհամաչափ ֆինանսական բեռի՝ գործազուրկ կամ եկամուտ չունեցող անձանց համար, միայն այն պատճառով, որ նրանք Օրենքի ուժով առաջին անգամ ներառվել են ապահովագրության համակարգում։ Եթե անգամ պետությունը դա ի նկատի չի ունեցել, ապա Օրենքն այդ մասով ունի հստակեցման և որոշակիացման կարիք։

Առաջարկվող լուծումներ Օրենքում անհրաժեշտ է ներառել նոր դրույթ հետևյալ բովանդակությամբ․ «Վարձու աշխատողի աշխատանքային հարաբերությունների դադարեցման դեպքում, եթե անձը չի դասվում պետության կողմից ապահովագրվող բնակչության խմբերից որևէ մեկին և չի հանդիսանում այլ կարգավիճակով ապահովագրավճար վճարող, ապա մինչև աշխատանքային նոր հարաբերությունների առաջացումը կամ օրենքով սահմանված այլ կարգավիճակ ձեռք բերելը, անձը ազատվում է առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճար վճարելու պարտականությունից և չի համարվում առողջության համընդհանուր ապահովագրության շահառու»։

Միևնույն ժամանակ, նպատակահարմար է սույն Օրենքի դրույթները համադրել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի սկզբունքների հետ, որտեղ հստակ սահմանվում է, որ սոցիալական վճար կատարելու պարտականությունը վերաբերում է միայն վարձու աշխատողներին կամ ինքնազբաղված անձանց։ Եթե անձը չունի եկամուտ, ապա նա ազատված է այդ պարտականությունից, և այն կծագի միայն այն ժամանակ, երբ նա կրկին ձեռք բերի վարձու աշխատողի կամ եկամուտ ունեցող անձի կարգավիճակ։ Կարծում եմ, որ նույն մոտեցումը պետք է կիրառվի նաև առողջության համընդհանուր ապահովագրության դեպքում՝ ապահովելով նաև կամավորության սկզբունքը եկամուտ չունեցող անձանց համար։

Հակառակ դեպքում, մի ստվար զանգվածի քաղաքացիներ, մասնավորապես որոշակի ժամկետով պայմանագրեր կնքած անձինք, իրենց պայմանագրերի ժամկետի լրանալուց հետո կհայտնվեն ֆինանսական բեռի տակ կամ անորոշության մեջ՝ թե ինչպես պետք է կատարեն Օրենքով իրենց վրա դրված պարտավորությունը։

Հաշվի առնելով, որ հասարակական կազմակերպությունները հիմնականում գործում են դրամաշնորհների միջոցով, և դրանց ժամկետների լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով լուծվում են նաև կնքված աշխատանքային պայմանագրերը, խնդիրը հատկապես սուր է դառնում այս ոլորտում։

Մեր կազմակերպության օրինակով պետք է նշեմ, որ մեր ընթացիկ դրամաշնորհներից մեկը ավարտվում է 2026թ․ հոկտեմբերին, իսկ մյուսը՝ 2027թ․ մարտին, ինչի հետևանքով մեր աշխատողներից շատերը կդադարեն եկամուտ ստանալ մինչև նոր դրամաշնորհային ծրագրի հաստատումը։ Այս պարագայում Օրենքով նրանց՝ ինքնուրույն ապահովագրավճար վճարելու պարտավորությունը դրվում է հարցականի տակ, թե ինչպես են այդ պարտավորությունն իրականացնելու, եթե եկամտի աղբյուր չեն ունենալու (թեկուզև ժամանակավորապես)։

Հուսով ենք, որ ՀՀ կառավարությունը մարդասիրական մոտեցում կցուցաբերի և մեր կողմից բարձրացված հարցերի իրավակարգավորման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր կձեռնարկի։

Ակնկալում ենք ստանալ Ձեր գործուն միջամտությունն ու աջակցությունը։