«Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի Գեղարքունիքի տարածաշրջանային մասնաճյուղը «Մարդու իրավունքների պաշտպանություն և քաղաքացիական հասարակության հզորացում» ծրագրի շրջանակներում հրապարակել է նոր և ինքնատիպ հետազոտություն՝ «Նույն պատմությունը՝ նոր ձևով. սյուժեների կրկնության երևույթը» թեմայով: Աշխատանքը հիմնականում հասցեագրված է երիտասարդներին և նպատակ ունի զարգացնել նրանց քննադատական մտածողությունը, ինչպես նաև նպաստել տեղեկատվական ու գեղարվեստական բովանդակության գիտակցված ընկալմանը ժամանակակից թվային դարաշրջանում:
Հետազոտության մեջ մանրամասն քննարկվում է այն իրողությունը, որ համաշխարհային գրականության, կինոյի և մշակույթի անհամար պատմությունների հիմքում իրականում ընկած են միևնույն կամ իրար շատ մոտ սյուժետային մոդելները: Աշխատանքում ներկայացված են այս երևույթի հիմնարար տեսությունները, մասնավորապես՝ Ժորժ Պոլտիի առաջադրած «36 դրամատիկական իրավիճակները» և Քրիստոֆեր Բուքերի «Յոթ հիմնական սյուժեների» հայտնի մոդելը: Հեղինակները ցույց են տալիս, թե ինչպես են այս կաղապարները վերարտադրվում դասական ստեղծագործություններից մինչև ժամանակակից հոլիվուդյան ֆիլմեր ու սերիալներ:
Նյութի կարևորագույն ուղերձն այն է, որ սյուժետային կառուցվածքները միայն արվեստի առանձնահատկություն չեն, այլ արտացոլում են մարդկային վարքագծի, հասարակական գործընթացների և միջանձնային հարաբերությունների խորքային օրինաչափությունները: Սյուժեների կրկնության երևույթի իմացությունը երիտասարդների համար հզոր գործիք է՝ կյանքի տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, տեղեկատվական մանիպուլյացիաներն ու կեղծիքը ժամանակին ճանաչելու և սեփական կյանքի սյուժեն ավելի գիտակցված կառուցելու համար:
Ամբողջական հետազոտությանը ծանոթացեք այստեղ․