Տեղեկատվություն
Շիրակի մարզի Աշոցք համայնքում իրականացված «Ինքնության այգի» նախագիծը լավագույն ապացույցն է այն բանի, թե ինչպես կարելի է համայնքային անխնամ տարածքը վերածել կյանքով լեցուն, կրթական ու մշակութային ժամանակակից կենտրոնի, երբ գործին կպչում է տեղի երիտասարդությունը։ Ծրագրի մեկնարկը տրվեց 2026 թվականի մարտի 25-ին՝ Աշոցքի մի խումբ երիտասարդների և «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ Աշոցքի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ։ Ծրագրի հիմնական շարժիչ ուժը դարձան Սախարովի կենտրոնի «Երիտասարդների ներգրավումը տեղական ինքնակառավարման գործում» ծրագրի Աշոցքի երիտասարդական ակտիվ խմբի անդամները։
Գաղափարից մինչև իրագործում
Ամեն ինչ սկսվեց Աշոցքի երիտասարդների կողմից իրականացված կարիքների մասնակցային արագ գնահատմամբ։ Համայնքի կենտրոնական այգին, որը գտնվում է միջնակարգ դպրոցի հարևանությամբ, տարիներ շարունակ անխնամ էր. երեկոյան լուսավորությունը չէր գործում, իսկ մոտակայքում Սպիտակի երկրաշարժից մնացած վթարային շենքերն ու հնամաշ խաղահրապարակը տարածքը դարձրել էին մութ ու անապահով։ Ուսումնագործնական ճամբարում ձեռք բերած տարածակազմակերպման հմտություններով՝ երիտասարդները մշակեցին մի քանի գաղափարներ, որոնք մշակվեցին ուսումնագործնական ճամբարում և ներկայացվեցին համայնքային թաուն-հոլ հանդիպման ժամանակ։ Բաց և թափանցիկ քվեարկության արդյունքում ընտրվեց հենց «Ինքնության այգի» նախագիծը։
Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում այգու շուրջ 1600 քառակուսի մետր հատված ամբողջությամբ փոխեց իր դեմքը։ Երիտասարդները, դպրոցականներն ու կամավորները համախմբվեցին՝ իրականացնելով տարածքի մաքրում, աղբահանություն և ծառերի էտում։ Տեղադրվեցին զրուցարան, նոր նստարաններ, աղբամաններ, գրադարան-տնակ՝ տարածքը դարձնելով ապահով ու հաճելի երեկոյան զբոսանքների համար։
Այգու նորարարական շունչը և թեմատիկ գոտիները
Նախագծի գլխավոր նորարարությունն այն է, որ հանրային այգին հետզհետե վերածվելու է Աշոցքի ինքնության «կենդանի ցուցադրության»։ Այնտեղ ստեղծվել են 4 հիմնական թեմատիկ գոտիներ.
· Աստղադիտակային հարթակ. Աշոցքի ջինջ ու պարզ երկնքի շնորհիվ այս գոտին դարձել է ծրագրի «մեխը»։ Տեղադրված աստղադիտակով ամսական 2-3 անգամ կազմակերպվելու են բացօթյա ճանաչողական դասեր, որտեղ պատանիները մեծ ոգևորությամբ ուսումնասիրելու են երկնային օբյեկտները։
· Վարպետաց դասերի տաղավար. Այստեղ ավանդական արհեստները ներկայացված են ոչ թե սոսկ ցուցանակներով, այլ կենդանի շփմամբ։ Տեղի վարպետները (բրուտագործներ, կավագործներ), որոնց հետ բանակցություններ են տարվում, անցկացնում են դասընթացներ՝ ապահովելով սերնդափոխությունն ու արհեստների հանրայնացումը։
· Բացօթյա գրադարան-տնակ. Կանաչապատ ու խաղաղ մի անկյուն, որտեղ բնակիչները կարող են գիրք ընթերցել կամ մշակութային քննարկումներ ունենալ։
· QR-տեղեկատվություն. Յուրաքանչյուր այցելու կամ զբոսաշրջիկ կարող է սմարթֆոնով սկանավորել QR կոդերը և ծանոթանալ Աշոցքի պատմական ժառանգությանը, որը կբարձրացնի համայնքի տեսանելիությունը սոցիալական ցանցերում։
Ազդեցությունը և երիտասարդների ձայնը
Այսօր այգին ապահովում է ամսական շուրջ 1000-ից ավել այցելու։ Այն դարձել է Աշոցքի երիտասարդության «բացօթյա հակասրճարանը» և համայնքի նոր այցեքարտը։
Մասնակից երիտասարդների խոսքերով՝ ծրագիրն ամբողջությամբ փոխել է իրենց առօրյան և վերաբերմունքը սեփական ծննդավայրի հանդեպ։ «Առաջ մտածում էի, որ Աշոցքից պետք է շուտ հեռանալ, բայց հիմա տեսնում եմ, որ այստեղ էլ կարելի է հետաքրքիր կյանք ստեղծել և աջակցել նմանատիպ նախաձեռնությունների»,— նշում է երիտասարդներից մեկը։ Դպրոցականները հպարտանում են աստղադիտակով ։
Ծրագրի կայունությունն ապահովելու համար այգում ներդրվել է հետադարձ կապի մեխանիզմ. այցելուները QR կոդերի միջոցով (Google Forms) կարող են հայտնել իրենց կարծիքն ու առաջարկները։ Ավելին, երիտասարդներն արդեն իսկ մտածում են «Այգու պահապաններ» կամավորական խումբ ստեղծելու և ապագայում այստեղ բացօթյա կինոդիտումներ ու ինտելեկտուալ փառատոներ կազմակերպելու մասին։ «Ինքնության այգին» ապացուցեց, որ երիտասարդական նախաձեռնողականությունն ու սեփական ուժերի հանդեպ հավատը կարող են հրաշքներ գործել անգամ հեռավոր համայնքներում։














