«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը խիստագույնս դատապարտում է սույն թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և նրա աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց կողմից հանրային քննարկման ներկայացած քաղաքացու՝ Արթուր Չախոյանի նկատմամբ իրականացված բռնությունը:
ՀՀ Սահմանադրությամբ հռչակված է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է (հոդված 1-ին): Այդպիսի հատկանիշներով բնութագրվող պետության մեջ հարաբերությունների որևէ մակարդակում առկա տարաձայնությունները չեն կարող լուծվել բռնություն գործադրելու ճանապարհով: Ուստի, պաշտոնատար անձանց կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելը, այդպիսի վարքագիծն արդարացնելը, խրախուսելը կամ անտեսելը անմիջական հարված է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական արժեքներին, սոցիալական և իրավական սկզբունքներին:
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վարչական շրջանի ղեկավարը և նրա աշխատակազմի անդամները հանրային ծառայողներ են: Նրանք պարտավոր են իրենց գործունեության մեջ առաջնորդվել բարեվարքության սկզբունքներով, դրսևորել պաշտոնին վայել վարքագիծ և բարեկիրթ վերաբերմունք դրսևորել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում են իրենց լիազորություններն իրականացնելիս: (3-հոդվածի 1-ին մաս, 6-րդ հոդվածի 5-րդ մաս, 23-րդ և 25-րդ հոդվածներ)։
Հայաստանի Հանրապետության օրենքների և վավերացված միջազգային պայմանագրերի համաձայն՝ բռնությունը քրեորեն պատժելի արարք է և բռնության ցանկացած դեպք՝ անկախ դրա դրսևորման ձևից, պետք է պատշաճ քննության և համարժեք գնահատականի արժանանա համապատասխան մարմինների կողմից:
Այսպիսով, արտահայտելով մեր ծայրահեղ մտահոգությունը սույն թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի և նրա աշխատակազմի անդամների կողմից կատարված դատապարտելի արարքի վերաբերյալ և կարևորելով դրա բացահայտման ու կրկնության կանխարգելման անհրաժեշտությունը՝ կոչ ենք անում ՀՀ պետական և համայնքային իրավասու մարմիններին՝ դեպքի առթիվ նախաձեռնել համապատասխան վարույթներ և իրականացնել գործի լրիվ, օբյեկտիվ և պատշաճ քննություն:
«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպություն