Հունիսի 29-ին Ամասիայի համայնքապետարանի դահլիճում տեղի ունեցավ հանրային քննարկում (Town-Hall)՝ «Ամասիա համայնքի հասարակական տրանսպորտի առկա վիճակը և բարելավման ուղիները» թեմայով։
Քննարկմանը մասնակցեցին պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ՀԿ-ներ և բնակիչներ։ Բարձրաձայնվեց, որ հատկապես սահմանամերձ գյուղերում հասարակական տրանսպորտի բացակայությունը լուրջ խնդիր է՝ սահմանափակելով մարդկանց տեղաշարժը, աշխատանքի ու ծառայությունների հասանելիությունը և նպաստելով արտագաղթին։
Բնակիչների խոսքով՝ որոշ գյուղերից տեղափոխումը հնարավոր է միայն հազվադեպ կամ թանկարժեք տաքսիներով, ինչը խոչընդոտում է նաև աշխատանքային և կրթական շարժունակությանը։
Քննարկման ընթացքում առաջարկվեցին լուծումներ՝ համայնքային տրանսպորտի ներդրում, սուբվենցիոն ծրագրերով ավտոբուսների ձեռքբերում, փոփոխվող երթուղիների կազմակերպում և սոցիալական խմբերի համար արտոնություններ։
Հանդիպման ավարտին հայտարարվեց, որ բոլոր առաջարկները կներառվեն պաշտոնական զեկույցում և կուղարկվեն Շիրակի մարզպետարան՝ հետագա քննարկումների համար։
Հանդիպումը կազմակերպել էր Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղը՝ UDF-23-988-ARM դրամաշնորհային ծրագրի շրջանակում։




