«Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը խստագույնս դատապարտում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ ազատ խոսքի իրավունքի իրացման համար հարուցված հանրային քրեական հետապնդումն ու կալանավորումը, որն իրականացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Այս և նմանատիպ այլ դեպքերը փաստում են, որ մասնագիտական գործունեությունը բավարար չափով պաշտպանված չէ Հայաստանի Հանրապետությունում, ինչը լրջագույնս վտանգում է թե՛ հանրային ծառայության և թե՛ մասնավոր ոլորտում իրականացվող մասնագիտական գործունեության հեղինակությունը:
Սա հետևանքն է այն բանի, որ խոսքի ազատության իրավունքի խախտումները (հատկապես սոցիալական հարթակներում) հաճախ անտեսվում են տվյալ մասնագիտական գործունեությունը համակարգելու իրավասություն և պարտականություն ունեցող կառույցների կողմից, ինչը հանգեցնում է մի իրավիճակի, երբ մի ոլորտում մասնագիտական գործունեություն իրականացնող անձն ազատորեն արատավորող տեղեկություններ է հրապարակում մեկ այլ ոլորտում մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց վերաբերյալ:
Անժխտելի է, որ ոլորտային մասնագիտական գործունեությունը համակարգելու իրավասու կառույցների անտարբերության հետևանքով հասարակության և պետության համար նվազում և արժեզրկվում է տվյալ կառույցի զսպող ու կարգավորիչ դերը, որի պայմաններում հանրային քրեական հետապնդման հարուցումը իր ծայրահեղ մոտեցման կարգավիճակից վերածվում է սովորական գործելակարգի:
Մյուս կողմից, քաղաքական գործիչներն ու հանրային ծառայողները այսօրինակ հարցերում պետք է առաջնորդվեն միջազգային և ներպետական դատական պրակտիկայում ձևավորված ընդունելի մոտեցումներով և իրենց գործունեությունը պետք է իրականացնեն այն գիտակցումով, որ պետական գործիչների նկատմամբ թույլատրելի քննադատության սահմաններն ավելի լայն են, քան մասնավոր անձանց պարագայում:
Այսպիսով, գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկվեն հրապարակված քննադատական խոսքը նախ քաղաքացիական և վարչական իրավական պաշտպանություն գործիքակազմով քննարկվելու ուղղությամբ, որոնց ենթակայությունը փաստերով ժխտվելու դեպքում՝ թույլատրելի կհամարվի հանրային քրեական հետապնդման կիրառումը՝ անձի ազատության ամբողջական սահմանափակումով:
«Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպություն