«Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը խիստագույնս դատապարտում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սույն թվականի մայիսի 29-ից մինչ օրս սոցիալական մեդիայում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է որպես ազգային եկեղեցի (ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդված), որն իր բացառիկ առաքելությունն է իրականացնում հայ ժողովրդի հոգևոր կյանքում՝ ապահովելով մշակութային զարգացում և ազգային ինքնության պահպանություն:
Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատված է պետությունից, և միմյանց հետ հարաբերություններում պետությունն ու եկեղեցին փոխադարձաբար կրում են միմյանց կառավարմանն ու գործունեությանը չմիջամտելու պարտավորություն («Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ Օրենք 17-րդ հոդված): Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում («Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդված, մաս 2):
Սակայն օրեր շարունակ սոցիալական մեդիայում ՀՀ Վարչապետի կողմից կատարված գրառումներում օգտագործվող բառապաշարն ու խոսույթը ոչ միայն խախտում են պետության ու եկեղեցու փոխհարաբերությունների հավասարակշռությունը, այլ նաև արատավորում են հենց իր՝ պետության կառավարումն իրականացնող հարնային պաշտոնյայի օրինակելի կերպարը:
Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են սթափ պահել հանրությանը ծառայելու գիտակցումը, բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում են իրենց լիազորություններն իրականացնելիս և դրսևորել պաշտոնին վայել վարքագիծ («Հանրային ծառայության մասին» ՀՀ Օրենքի 22, 25-րդ հոդվածներ):
Հայ հասարակության ժամանակակից իրավագիտակցությունն ու հոգևոր զարգացվածությունը պահանջում է, որ օրենքին կամ եկեղեցական կարգերին հակասող յուրաքանչյուր արարք պատշաճ գնահատականի արժանանա բացառապես իրավասու մարմինների կողմից՝ դրանց քննության իրակացման կանոններին ու սկբունքներին համապատասխան:
Ուստի իրավական և ժողովրդավարական պետություն հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում կարծիքի արտահայտման ազատությունը չի կարող գերակա լինել պետական անվտանգության, բարոյականության, անձի արժանապատվության, պատվի, բարի համբավի կամ այլ հիմնական իրավունքների ու ազատությունների նկատմամբ:
Այսպիսով, հիմք ընդունելով վերոգրյալը հույս ենք հայտնում, որ ՀՀ Վարչապետը և Հայաստանի Հանրապետությունում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք կհարգեն ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, կդադարեցնեն հասարակությանը բևեռացնող գործողությունները, կառաջնորդվեն մարդու արժանապատվության անխեխտելիության սկզբունքով և կկատարեն միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպություն