Դատապարտող հայտարարություն ՀՀ Վարչապետի և ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը դատապարտում է սույն թվականի մարտի 22-ին Երևանի մետրոպոլիտենում Հայաստանի Հանրապետության վարչապետի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կնոջ մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։

Սահմանադրորեն «սոցիալական և իրավական» հռչակված պետությունում չեն կարող թույլատրելի համարվել քաղաքական գործիչների և հանրային ծառայողների կողմից դրսևորվող այն վարքագիծն ու մոտեցումները, որոնք հասարակության անդամների մեջ առաջացնում են անընդունելի տարանջատումներ, իսկ պատմական իրողությունները դարձնում այդ անձանց պիտակավորող խարան։

Հարկ է նկատել, որ անհատ քաղաքական գործիչների կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ անհարգալից խոսույթն արժեզրկում է վերջիններիս օգտին պետության կողմից տարիներ շարունակ իրականացվող բազաթիվ իրավաաջակցող ծրագրերն ու միջոցառումները, ինչպես նաև հիմքեր է ստեղծում համաժողովրդական մարդասիրական ջանքերը տարբեր քաղաքական դերակատարների կողմից որպես գաղափարախոսական դիվիդենտներ շահարկելու համար։

Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական արժեքները մեծապես հիմնված են բարոյական, սոցիալական և իրավական սկզբունքների վրա, և չեն կարող շեղվել պետության ու հասարակության անխզելի կապի և փոխադարձ հոգածության գործելաձևից: Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործիչները պարտավոր են առաջնորդվել ՀՀ օրենսդրության պահանջներով, սթափ պահել հանրությանը ծառայելու գիտակցումը և միմյանց ու քաղաքացիների հետ հարաբերություններում դրսևորել բարեկիրթ վերաբերմունք, հուզական զսպվածություն և պաշտոնին վայել վարքագիծ։

Կարևոր է հիշել, որ հասարակության անդամները նույնպես քաղաքական գործիչների քննադատության հարցում պարտավոր են պահպանել միջազգային իրավական չափանիշներով ձևավորված քննադատության թույլատրեիլիության սահմանները, ինչպես նաև զերծ մնալ զրպարտող և սադրիչ գործողություններից։

Այսպիսով, մեր Կազմակերպությունը լիահույս է, որ ՀՀ Վարչապետը և Հայաստանի Հանրապետությունում հանրային պաշտոն զբաղեցնող բոլոր անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս կհարգեն ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, կբացառեն նմանատիպ միջադեպերի կրկնությունն ապագայում, ինչպես նաև համարժեք միջոցներ կձեռնարկեն հասարակության բևեռացումը կանխելու և մարդու արժանապատվության իրավունքի անձեռնմխելիությունն ապահովելու համար։

«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպություն

23 մարտի 2026թ․