Պետություն–եկեղեցի հարաբերությունները Հայաստանում․ իրավական սահմաններն ու միջամտության արգելքը

Իրավական վերլուծություն՝ Սահմանադրության և գործող օրենսդրության համատեքստում

Սույն իրավական վերլուծությունը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում պետություն–եկեղեցի փոխհարաբերությունների սահմանադրական և օրենսդրական հիմքերին՝ վերջին շրջանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ հնչող հայտարարությունների և նախաձեռնությունների համատեքստում։ Նշվում է, որ ՀՀ Սահմանադրության և օրենքների համաձայն՝ պետությունն ու եկեղեցին անջատված են միմյանցից և փոխադարձ պարտավորություն ունեն չմիջամտել միմյանց ներքին գործերին։

Փաստաթուղթը փաստում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ճանաչված է որպես ազգային եկեղեցի և օժտված է ինքնակառավարման իրավունքով, իսկ Կաթողիկոսի ընտրության, պատասխանատվության կամ գահընկեցության հարցերը բացառապես գտնվում են Ազգային-եկեղեցական ժողովի իրավասության ներքո։ Հետևաբար, պետական պաշտոնատար անձանց կողմից նման գործընթացներ նախաձեռնելու կամ համակարգելու նախաձեռնությունները չեն բխում նրանց սահմանադրական լիազորություններից և իրավական հիմքեր չունեն։

Վերլուծության մեջ ընդգծվում է նաև հանրային պաշտոնյաների խոսույթի խնդիրը՝ նշելով, որ կարծիքի արտահայտման ազատությունը սահմանափակվում է մարդու արժանապատվության, պատվի և հասարակական բարոյականության պաշտպանությամբ։ Եզրակացվում է, որ իրավական և ժողովրդավարական պետությունում պետություն–եկեղեցի հարաբերությունները պետք է կարգավորվեն բացառապես օրենքի գերակայության և սահմանադրական սկզբունքների շրջանակում՝ զերծ պահելով հասարակությանը բևեռացնող գործողություններից։

Ծանոթացե՛ք ամբողջական իրավական վերլուծությանը