Գորիսի երիտասարդները ձևավորում են համայնքային նախաձեռնություններ

2026թ․ մարտի 4-ին ACAS Գորիսի երիտասարդական կենտրոնում կայացավ Գորիսի համայնքապետին կից Երիտասարդական խորհրդի նիստ:

Նիստի ընթացքում համայնքի ակտիվ երիտասարդները ներկայացրեցին իրենց մշակած ծրագրերը։ Ներկայացրած ծրագրերը մշակվել են «Երիտասարդների ներգրավումը Հայաստանում տեղական ինքնակառավարման մեջ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարարակական կազմակերպության Գորիսի մասնաճյուղի կողմից։

Ծրագրի շրջանակում բազմաթիվ ակտիվ երիտասարդներ, այդ թվում՝ Գորիսի համայնքապետին կից երիտասարդական խորհրդի անդամները, մասնակցել են դասընթացների, ձեռք բերել նոր գիտելիքներ և մշակել սեփական նախաձեռնությունները:

Նիստին ներկա են եղել «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ծրագրերի ղեկավարը, երիտասարդական ծրագրերի համակարգողը, ինչպես նաև ֆրանսիական Secours Populaire գործընկեր կազմակերպության հետ իրականացվող ծրագրերի ղեկավարը, ովքեր ակտիվորեն մասնակցել են քննարկումներին։

Ծրագրերի ներկայացմանը հաջորդած քվեարկության արդյունքում ընտրվել է այն նախաձեռնությունը, որը կյանքի կկոչվի առաջիկայում։ Նիստի ընթացքում նաև որոշվեց, որ Գորիսի համայնքապետին կից Երիտասարդական խորհուրդը և ACAS Գորիսի երիտասարդական կենտրոնի կամավորները կաջակցեն հաղթած ծրագրի իրականացմանը և կապահովեն ծրագրի շարունակականությունը։

Նիստը անցավ շատ ջերմ, կառուցողական ու բովանդակալից մթնոլորտում՝ լի գաղափարային քննարկումներով, համատեղ պատասխանատվությամբ և ակտիվ համագործակցության հանձնառությամբ։

Լուսանկարները՝ ACAS երիտասարդական կենտրոնի ֆեյսբուքյան էջից․