2026թ․ հունիսի 1-ին Գորիս քաղաքում տեղի ունեցավ բացօթյա գրադարան-տնակների բացման հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպվել էր «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Երիտասարդների ներգրավումը տեղական ինքնակառավարման գործում Հայաստանում» ծրագրի շրջանակում։
Արարողությանը ներկա էին Գորիսի համայնքապետը, համայնքապետարանի մի խումբ աշխատակիցներ, երիտասարդական ակտիվ խմբերի անդամներ, համայնքի բնակիչներ և հյուրեր։
«Քաղաքը կարդում է» նախաձեռնության շրջանակում Գորիսի կենտրոնական զբոսայգում և Գորիսի մանկական գրադարանի հարևանությամբ տեղադրվել են երեք բացօթյա գրադարան-տնակներ, որոնք գործելու են «վերցրու, կարդա, վերադարձրու կամ փոխանակիր» սկզբունքով։ Նախագծի նպատակն է խթանել ընթերցանության մշակույթը, ակտիվացնել հանրային տարածքները, ինչպես նաև նպաստել համայնքային մասնակցության և փոխվստահության մշակույթի ձևավորմանը։
Բացման ընթացքում ներկաները շրջեցին գրադարան-տնակների շրջակայքում, ծանոթացան դրանց գործունեության սկզբունքներին և քննարկեցին նախաձեռնության կարևորությունը համայնքի կրթամշակութային կյանքի զարգացման տեսանկյունից։ Ծրագրի պատասխանատուները նշեցին, որ գրադարան-տնակներում արդեն իսկ ձևավորվել է շուրջ 60 գրքից բաղկացած սկզբնական ֆոնդ, որը հասանելի է բոլոր ցանկացողների համար՝ առանց գրանցման և սահմանափակումների։
Մասնակիցները հատկապես կարևորեցին ծրագրի իրականացման բոլոր փուլերում (գրքերի ընտրությունից մինչև գրադարան-տնակների կահավորումն ու հանրային իրազեկման աշխատանքները) երիտասարդների ներգրավվածությունը։
Նախաձեռնության հեղինակների համոզմամբ բացօթյա գրադարան-տնակները ոչ միայն կխթանեն ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը, այլև կդառնան համայնքային կյանքի ակտիվացմանը միտված նոր տարածքներ՝ նպաստելով գիտելիքի, մշակույթի և քաղաքացիական մասնակցության տարածմանը։
Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը հույս է հայտնում, որ նախաձեռնությունը հաջող օրինակ կծառայի ինչպես Գորիսի այլ տարածքներում, այնպես էլ մյուս համայնքում նմանատիպ հնարավորությունների ստեղծման համար:
Հատկանշական է, որ գրադարան-տնակների բացման արարողությունը կայացավ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ինչը նախաձեռնությանը հաղորդեց առանձնահատուկ խորհուրդ՝ ընդգծելով երեխաների և երիտասարդների կրթամշակութային զարգացման ու ընթերցանության խթանման գործում դրա կարևորությունը։









